Կարևորվեց միջազգային մակարդակով փորձի փոխանակման հնարավորությունը

Հայաստանյան և միջազգային մասնագետներն այսօր շարունակեցին քննարկել ուսուցման որակի արդյունավետության խնդիրները և ապահովման մեթոդները:

Հայաստանի ամերիկյան համալսարանում իր աշխատանքները շարունակեց «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի երկրորդ օրվա մեկնարկին ներկաներին ողջույնի խոսք հղեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի  (ՈԱԱԿ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը: Արդյունավետ ուսուցման համար նա կարևորեց, որ բուհում ուսանողներն  ստանան աշխատաշուկայում կիրառելի գիտելիքներ, հետազոտությունները լինեն գործնական՝ հիմնված գործատուների պահանջների վրա, ինչպես նաև դասախոս-ուսանող կապն ամուր լինի և դասախոսը հասանելի լինի ուսանողի համար:

Այնուհետև միջոցառման մասնակիցները գործնական փորձի օրինակով քննարկեցին ուսուցման արդյունավետության բարձրացման ուղիներն որակի ներքին և արտաքին ապահովման տեսակետից: Ուսանողների առաջադիմության չափման, դասավանդման արդյունավետության և կրթության որակի ապահովման իրենց փորձը սեկցիոն նիստերում ներկայացրեցին Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական, Սևծովյան միջազգային, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայ-ռուսական սլավոնական, Երևանի պետական լեզվահասարակագիտական  և այլ համալսարանների դասախոսները:

Միջոցառման ավարտին համաժողովի մասնակիցներն ամփոփեցին երկօրյա խորհրդաժողովի արդյունքները՝  հատկապես կարևորելով միջազգային մակարդակով փորձի փոխանակման հնարավորությունը և որակի ապահովմանը նվիրված միջոցառումների շարունակական լինելը:

Նշենք, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն արդեն 6-րդ անգամ է մեկ հարկի տակ միավորում դասախոսներին, ուսանողներին, կրթության կառավարիչներին և գործատուներին՝ երկխոսության, քննարկումների և փորձի փոխանակման հնարավորություն ստեղծելով: