ՈԱԱԿ համաժողովի նպատակը լավագույն փորձի վերհանումն է

 «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը  շարունակում է հայտեր ընդունել «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» համաժողովի համար: Գիտագործնական համաժողովը  կկայանա 2016-ի հունվարի 21-22-ը:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշում է, որ այս տարի համաժողովի համար նման թեմայի ընտրությունը մի քանի դրդապատճառներ ունի:

Նախ, կրթության որակի ապահովման համար ցանկալի է ընդլայնել այդ գործընթացում  դասախոսների անմիջական ներգավվածությունն ու հաշվետվողականությունը: «Դասախոսը, հիմնվելով ուսանողներից, շրջանավարտներից ստացած հետադարձ կապի վրա` իր աշխատանքն ավելի նպատակային է դարձնում, ուսուցումն էլ`առավել արդյունավետ: Եթե ամեն բուհում համակարգված կերպով դա արվի, կրթության որակը կբարելավվի: Այդ մշակույթը կարևորելու ու ամրապնդելու համար էլ նախաձեռնել ենք այս համաժողովը»,- ասում է պարոն Թոփչյանը:

Նրա խոսքով` կրթության որակի կայացած մշակույթ ունեցող երկրներում ընդունված պրակտիկա է, երբ դասախոսը պարբերաբար ուսումնասիրություններ է կատարում`հասկանալու իր աշխատանքի արդյունավետությունը, դասավանդման մեթոդների ուժեղ և թույլ կողմերը և համապատասխան փոփոխություններ է կատարում:

«Մեզ մոտ այդ ամենը համակարգված չի արվում: Ցանկալի էոր այդ ուսումնասիրություններն ունենան  հետազոտական հիմք և լինեն դասախոսի հետազոտական աշխատանքի մի մասը»,- ասում է պարոն Թոփչյանը` հավելելով, որ գործընթացի շարունակական լինելու դեպքում այն կվերածվի մշակույթի:

«Խորհրդաժողովի նպատակն է մեկ տեղում հավաքել այդ մասնագետներին, վեր հանել նրանց փորձը և հասանելի դարձնել մյուսներին»,- ասում է Ռ. Թոփչյանը:

Լավագույն փորձը ներկայացնող հետազոտական հոդվածները կհրապարակվեն  ՈԱԱԿ-ի կողմից  ՏԵՄՊՈՒՍ-ի MAHATMA ծրագրի աջակցությամբ հրատարակվող միջազգային գիտական  գրախոսվող ամսագրում:

Պարոն Թոփչյանը հավատացած է, որ հաջողված փորձի վերհանումը և տարածումը կբերի նրան, որ Հայաստանում կամրապնդվի դասախոսների շարունակական  ինքնավերլուծության, ինքնագնահատման և ինքնազարգացման մշակույթը, որն էլ իր հերթին կխթանի  կրթության որակի ապահովմանը և հիմք կծառայի ծրագրային հավատարմագրմանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ թեմաներով է ցանկալի զեկույցներ ներկայացնել համաժողովի համար`պարոն Թոփչյանը նշում է, որ դասախոսի աշխատանքի յուրաքանչյուր բաղադրիչը  կարևոր է ու կարող է հետազոտության առարկա դառնալ, եթե առկա է հաջողված փորձ. «Օրինակ, դասախոսը կարող է ներկայացնել, թե ինչպես է հետևում իր ուսանողների ձեռքբերումներինինչպես է որոշում ուսուցման արդյունավետությունը, ամեն ուսումնական տարվա մեկնարկին ինչ փոփոխություններ է կատարում իր դասավանդման գործընթացում  և այլն»:

Նշենք, որ համաժողովին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 30-ն է: