Տեղի կունենա «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով համաժողովը

Հունվարի 21-22-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման երրորդ ֆորումը:

Նպատակն է քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումները և ձեռքբերումները Հայաստանում և արտերկրում, վեր հանել լավագույն փորձը և նպաստել դրա տարածմանը:

Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում զեկույցներով ու քննարկումներով թեմային մանրակրկիտ կանդրադառնան  հեղինակավոր դասախոսներ և կրթության կառավարման մասնագետներ   Հայաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից:

Որակի ապահովման երրորդ ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀԱՀ նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը, ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը,  ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ ծրագրի ներկայացուցիչ Մկրտիչ Ավագյանը:  

Միջոցառման ընթացքում  շահակիցների հետ ընդհանուր քննարկումներ տեղի կունենան  «Ուսուցումն արդյունավետ է, եթե…», «Ինչպես են շահակիցները ներգրավված կրթական ծրագրերի մշակմանը» և «Ուսուցման արդյունավետության բարձրացման ուղիները որակի ներքին և արտաքին ապահովման տեսակետից. պրակտիկ փորձ» թեմաներով: Այնուհետև խորհրդաժողովը կշարունակվի զուգահեռ ընթացող սեկցիոն նիստերով,   որտեղ  զեկույցների և հաջորդող քննարկումների միջոցով  կներկայացվի կրթության արդյունավետության ապահովման հայկական, վրացական և գերմանական բուհերի լավագույն  փորձը:

Խորհրդաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները կհրապարակվեն ՈԱԱԿ-ի նախաձեռնած  և ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ հրատարակվող միջազգային գրախոսվող գիտական ամսագրում:

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» որակի ապահովման երրորդ ֆորումի գործընկերներն են Հայաստանի ամերիկյան համալսարանը և ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագիրը, որի համակարգողն է ՀՊՄՀ-ն:

Միջոցառման ինֆորմացիոն հովանավորներն են «Արարատ»հեռուստաընկերությունը, «Լրատվական ռադիո»-ն (FM 106.5), «Արմենպրես»լրատվական գործակալությունը, Orer.am լրատվական կայքը:

Խորհրդաժողովը տեղի կունենա Հայաստանի Ամերիկյան համալսարանի ‹‹Փարամազ Ավետիսյան›› մասնաշենքի  ‹‹Մանուկյան›› դահլիճում: