Հունվարի 21-22-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման երրորդ ֆորումը:
Նպատակն է քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումները և ձեռքբերումները Հայաստանում և արտերկրում, վեր հանել լավագույն փորձը և նպաստել դրա տարածմանը:
Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում զեկույցներով ու քննարկումներով թեմային մանրակրկիտ կանդրադառնան հեղինակավոր դասախոսներ և կրթության կառավարման մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից:
Որակի ապահովման երրորդ ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀԱՀ նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը, ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը, ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ ծրագրի ներկայացուցիչ Մկրտիչ Ավագյանը:
Միջոցառման ընթացքում շահակիցների հետ ընդհանուր քննարկումներ տեղի կունենան «Ուսուցումն արդյունավետ է, եթե…», «Ինչպես են շահակիցները ներգրավված կրթական ծրագրերի մշակմանը» և «Ուսուցման արդյունավետության բարձրացման ուղիները որակի ներքին և արտաքին ապահովման տեսակետից. պրակտիկ փորձ» թեմաներով: Այնուհետև խորհրդաժողովը կշարունակվի զուգահեռ ընթացող սեկցիոն նիստերով, որտեղ զեկույցների և հաջորդող քննարկումների միջոցով կներկայացվի կրթության արդյունավետության ապահովման հայկական, վրացական և գերմանական բուհերի լավագույն փորձը:
Խորհրդաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները կհրապարակվեն ՈԱԱԿ-ի նախաձեռնած և ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ հրատարակվող միջազգային գրախոսվող գիտական ամսագրում:
«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» որակի ապահովման երրորդ ֆորումի գործընկերներն են Հայաստանի ամերիկյան համալսարանը և ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագիրը, որի համակարգողն է ՀՊՄՀ-ն:
Միջոցառման ինֆորմացիոն հովանավորներն են «Արարատ»հեռուստաընկերությունը, «Լրատվական ռադիո»-ն (FM 106.5), «Արմենպրես»լրատվական գործակալությունը, Orer.am լրատվական կայքը:
Խորհրդաժողովը տեղի կունենա Հայաստանի Ամերիկյան համալսարանի ‹‹Փարամազ Ավետիսյան›› մասնաշենքի ‹‹Մանուկյան›› դահլիճում: